Պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայում Ռուսաստանի համար երկրորդական նպատակ է՝ վստահ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը։ Այս մասին փոխանցում է The Times պարբերականը։
Սիրիայում Ռուսաստանի կողմից SA-15 և SA-22 երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպես նաև Սու-30 կործանիչների տեղակայումը պոտենցիալ սպառնալիք է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ ասել է նա։
«Սիրիական աերոդրոմներում մենք տեսնում ենք մի քանի առաջադեմ ՀՕՊ համակարգեր, որոնք նախատեսված չեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Ես ԴԱԻՇ-ի մոտ չեմ տեսել որևէ ինքնաթիռ, որը պահանջում է SA-15 և SA-22»,- ասել է Բրիդլավը։
Բրիդլավը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Միջերկրական ծովի արևելյան մասում օտարման գոտի ձևավորել։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի գլխավոր նպատակը իր հասանելիության պահպանումն է սիրիական Տարտուս նավահանգստին և աջակցությունը նախագահ Բաշար Ասադին։
«Դրանից հետո ես մտածում եմ, որ նրանք որոշ աշխատանք կանեն ընդդեմ ԴԱԻՇ-ի՝ լեգիտիմացնելու իրենց մոտեցումը Սիրիայի հարցում»,- ընդգծել է գեներալը։








































