Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օրենքով հանդիսանում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայով նախատեսված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Ակնհայտ է, որ ներկայումս բռնության դեպքերը հատկապես հաճախ են զինված ուժերում, ոստիկանության մարմիններում և քրեակատարողական հիմնարկներում: Զինված ուժերում 2010 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում գրանցվել է 54 մահվան դեպք, որոնց մեծ մասը կապվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ: Ըստ պաշտոնական տվյալների նույն տարվա ընթացքում բռնությունների 176 դեպքերով մեղավորները ենթարկվել են պատասխանատվության: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրենց 2009-2010 թվականների տարեկան զեկույցներում տարբեր օրինակներով անդրադարձել են բանակում հաճախ հանդիպող անպատժելիությանը, կենցաղային վատ պայմաններին, կոռուպցիային, դաժան վերաբերմունքին և մարտական գործողությունների հետ կապ չունեցող վնասվածքներին:
Առավել քան մտահոգիչ է բանակում առանց ծառայողական քննություն իրականացնելու զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելը: Դրական եմ համարում շրջանառության մեջ դրված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի գաղափարը, քանի որ կանոնագրքի ընդունմամբ զինված ուժերում չի գործելու զինծառայողին պատժի ենթարկելու մի տեսակը՝ կալանքը: Նախագծով նախատեսված կարգապահական վաշտ ուղարկելու դրույթը վկայում է կանոնագրքի` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելու փաստի մասին:
Զինվորական ծառայության ոլորտում անմարդկային վերաբերմունքի դրսևորում է նաև առողջական լուրջ խնդիրներով անձանց զորակոչելը կամ ոչ պատշաճ ծառայության հարկադրելը: Նման օրինակ է վերջերս զինվորի ծնողի դիմումով մեզ հայտնի դարձած դեպքը, երբ նրա որդին, ունենալով բժշկական պատշաճ փաստաթղթերով հիմնավորված սրտային հիվանդություն, զորակոչվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Տվյալ դեպքում Պաշտպանի միջամտության արդյունքում դիմումատուի որդին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության` խիստ սահմանափակումով:
Պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին: Նման բնութագրիչ օրինակ է հանդիսանում Պաշտպանին ուղղված հետևյալ դիմումը. անձը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), սակայն հետագայում ոստիկանությունից հայտնել են, որ վնասվածքն առաջացել է ձեռնաշղթաների միջոցով իրեն քորելու հետևանքով:
Մեր համաքաղաքացիներն ու իրենց փաստաբանները բազմիցս հայտնել են, որ անձինք անհիմն տարվում և պահվում են ոստիկանության բաժիններում, և նրանց արգելում են փաստաբանների հետ հանդիպումը: Որոշ դեպքերում միայն Պաշտպանի միջամտությունից հետո են վերականգնվել անձանց խախտված իրավունքները: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անչափահասների նկատմամբ ծեծի, բռնության, սպառնալիքների և նվաստացնող այլ արարքների անդրադարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր 2010թ. հրապարակված զեկույցում:
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված բազմաթիվ այցելությունների ընթացքում արձանագրվել են, որ դեռևս առկա են գերբնակեցման և կոմունալ-կենցաղային անընդունելի պայմաններ: Ի պատասխան Պաշտպանի զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` մասնավորապես նշելով, որ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի և գերբնակեցման խնդիրը բարելավել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ այս ժամկետը կրճատելու կարիք կա` ավելի ողջամիտ հեռանկարում ազատազրկման վայրերում պահվող մարդկանց համար մարդկային` մարդու իրավունքների տեսակետից ընդունելի, պայմաններ ստեղծելու առումով:
Պաշտպանի գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման համար պատասխանատու հաստատություն, ունեցել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ, որի կազմում ընդգրկվել են իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ռազմագիտության և այլ ոլորտների փորձառու մասնագետներ: Այժմ խմբի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Պաշտպանի գրասենյակը համագործակցության առաջարկ է արել այս ոլորտում մասնագիտացած մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նրանց ներկայացուցիչներին նույնպես մոնիտորինգային այս խմբում ընդգրկելու համար: Խումբն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կվերհանի անազատության մեջ գտնվող անձանց ոչ միայն գերբնակեցման ու կոմունալ-կենցաղային վատ պայմանները, այլև կբացահայտի ազատազրկման վայրերում ակնհայտորեն գոյություն ունեցող բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները և կներկայացնի դրանք հասարակությանը՝ տալով բռնությունների կանխարգելման կոնկրետ առաջարկներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան








































