Միայնակ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը 21 տարվա ազատազրկման պատիժն է կրում 2011 թ. 77 մարդու սպանության համար, ցմահ հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Նա հայտարարել է, որ այլևս վիճակի չէ տանել բանտային պայմանները։ Նման որոշման պատճառ է համարել բանտարկության պայմանների վատթարացումը, որոնք ուժի մեջ են մտել սեպտեմբերի 2-ից։ Այժմ նրան թույլատրվում է խուցը լքել օրական միայն մեկ ժամ։ Բացի դրանից՝ երկսենյակ խցի փոխարեն այժմ նրա տրամադրության տակ է մեկսենյականոց խուց։
«Եթե 2015-ի սեպտեմբերի 2-ի կանոնները լիովին չչեղարկվեն, ես կշարունակեմ հացադուլը մինչ մահ։ Այլևս չեմ կարող սա հանդուրժել»,- գրել է նա նամակում, որով դիմել է նորվեգական և շվեդական մամուլին։
Բրեյվիկի բողոքում խոսք կա նաև այն մասին, որ այսուհետ նա այլև չի կարող քաղաքագիտություն ուսումնսիրել Օսլոյի համալսարանում։ «Ուսուցումն ու նամակագրությունը նման պայմաններում ֆիզիկապես անհնար են»,- հավելել է նա։




































