2015 թ. սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքում Զարուհի Փոստանջյանը (Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ) մասնակցել է «Արևելյան Եվրոպայի ապագան.Կանանց կարգավիճակի բարելավում» բարձրաստիճան քննարկմանը։ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով Զ. Փոստանջյանի հետ միասին այս քննարկմանը մասնակցում էին նաև Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Շվեդիայից, Մոլդովայից և Ուկրաինայից պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իր ելույթում Զ. Փոստանջյանը, մասնավորապես, նշել է, որ կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է ավտորիտար և կոռումպացված ռեժիմներում, որոնք ձևավորվել են շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, և որ այդ ռեժիմների հեռացումը կարևոր է՝ որպես հարցի լուծում բոլորի համար արդարություն ու հավասարություն ապահովելու գործում։
Զ. Փոստանջյանն իր խոսքում նաև անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերին, որի արդյունքում հրետանային ռմբակոծության հետևանքով երեք հայ կանայք և չորս զինվոր են զոհվել, ինչպես նաև մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել:
Քննարկմանը մասնակցում էր նաև Նադիա Սավչենկոյի քույրը, ով կոչ էր անում ազատ արձակել Նադիային Ռուսաստանում գտնվող բանտից ։







































