Խաղաղ օվկիանոսի Սողոմոնյան կղզիների մոտ կենդանաբանները գտել են աշխարհում միակ լույս արձակող սողունին, ով արձակում է կարմիր և կանաչ լույսեր: Դա անհետացման եզրին գտնվող ծովային կրիա բիսան է, հայտնում է National Geographic-ը:
Այդ տեսակը գիտության մեջ հայտնի է եղել, սակայն կենդանաբանները չեն իմացել նրա հազվագյուտ հատկության մասին: Կենդանին ունի բիոֆլուորեսցենտային հատկություն. օրգանիզմը կլանում է լույսը և անդրադարձնում ալիքի այլ երկարությամբ:
Գիտնականներին դեռ պարզ չէ, թե կրիային ինչի համար է անհրաժեշտ այդ հատկությունը` որս հրապուրելու, թշնամիներից խուսափելու, թե հաղորդակցվելու համար:
Այդ կրիաներին ուսումնասիրելը շատ դժվար է: Վերջին մի քանի տասնամյակում նրանց թիվը կրճատվել է մոտ 90 տոկոսով, քանի որ նրանց ձվերը շատ երկրներում համարվում են դելիկատես: Այդ կենդանիներին ոչնչացնում են նաև պատյանի համար, ինչից ստանում են կրիայի ոսկոր:




































