NASA-ն հայտարարել է Մարսի գլխավոր գաղտնիքի բացահայտման մասին. մոլորակի վրա գետեր են գտնվել, հայտնում է lenta.ru-ն: Դրանք սեզոնային բնույթի աղի հեղուկ ջրի հոսանքներ են: Այդ մասին գործակալությունը հայտնել է սեպտեմբերի 28-ին` հատուկ այդ հարցով կազմակերպված մամլո ասուլիսում: Միջոցառումը ցուցադրվել է NASA Television-ի ուղիղ եթերում և գործակալության կայքում, իսկ նրա հիմնական արդյունքները հրապարակվել են Nature Geoscience-ում:
Մամլո ասուլիսի և հրապարակումների գլխավոր եզրակացությունը եղել է այն, որ ներկայումս Մարսի վրա գոյություն ունեն սեզոնային բնույթի աղի հեղուկ ջրի հոսանքներ: Դրանք հայտնվում են տարվա տաք եղանակին և անհետանում ցրտերին: Գիտնականները այդ եզրակացությանն են հանգել բարձրորակ նկարների ուսումնասիրություններից հետո, որոնք ստացվել են Mars Reconnaissance Orbiter (MRO) ուղեծրային ապարատի High Resolution Imaging Science Experiment (HiRISE) գիտական սարքավորումների միջոցով:
Ըստ նկարագրության՝ աղի հեղուկ ջրի հոսանքները հայտնվում և անհետանում են բլուրների լանջերին: Դրանց ընդհանուր լայնությունը չի անցնում 5 մետրից: Ինչպես նշում են գիտնականները, աղ հայտնաբերել են միայն հոսանքների շրջանում: Հարևան տարածքներում այդպիսի միացություններ չեն գտել: Նրանք նշում են, որ աղի ջրի առկայությունը կարևոր է Կարմիր մոլորակում կյանքի պոտենցիալ գոյության համար:




































