Կահիրեի շրջաններից մեկի Վերաքննիչ դատարանը երկուշաբթի վճռել է չեղարկել Մերձավոր Արևելքում հայտնի հայազգի պորտապարուհի, Ռուսաստանի քաղաքացի Ծովինար Գրիգորյանի գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ապրիլին Եգիպտոսի մայրաքաղաքի շրջանային դատարանը Գրիգորյանին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման «Եգիպտոսի դրոշն անարգելու» համար:
Պարուհու խնդիրները Եգիպտոսի արդարադատության հետ սկսվել են, երբ նա 2014թ. ամռանը երկրի հանսգտավայրերից մեկում արևելյան պար է կատարել հագուստով, որի գույները հիշեցրել են Եգիպտոսի դրոշի գույները:
Տեղական ԶԼՄ-ներում հայտնված երեկույթի տեսագրությունը ոչ միանշանակ արձագանք է գտել եգիպտական հասարակության մեջ, իսկ տեղի դատախազությունը պետական խորհրդանիշը բաց պարում օգտագործելը համարել է անտեղի և պարուհուն մեղադրել պետական դրոշն անարգելու համար:









































