Հայաստանը հազիվ թե դառնա տարանցիկ երկիր իրանական գազի համար, որովհետև արևմտյան երկրներին անհանգստացնում է տարածաշրջանում անկայունությունը:
«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ամերիկյան «Քարնեգի» հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ խոսելով Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի մասին: Այդ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Իրանին ազատվել միջազգային պատժամիջոցներից և բացվել ամբողջ աշխարհի համար: Մեր զրուցակցի խոսքով՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրված Իրանի հետ բաց սահմանն ավելացնելու է Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ Սթրոնսկին մասնավորապես ասաց. «Ես խիստ անհանգստացած եմ հակամարտության ապագայով: Երկու կողմերն էլ, կարծես, ստատուս քվո են ուզում: Բայց խնդիրն այն է, որ ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել»:
– Պարոն Սթրոնսկի, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կշահի Հայաստանը Իրանի և Արևմուտքի միջուկային համաձայնագրից:
– Կարծում եմ՝ Իրանի միջուկային համաձայնագիրը կարող է փոխել խաղը տարածաշրջանում, որովհետև այն կարող է բացահայտել առևտրային և տրանսպորտային կապերի ողջ ներուժը: Հայ-իրանական սահմանը բաց է, բայց իրականում այն հուսալի ելք չէ Հայաստանի համար՝ կապվելու արտաքին աշխարհի հետ՝ պատժամիջոցների ռեժիմի պատճառով: Իսկ Իրանի հետ բաց սահմանը, որն ինտեգրված կլինի համաշխարհային տնտեսության և առևտրի համակարգերին, կավելացնի Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանն ավելի հեշտորեն կապելով տնտեսապես դինամիկ Ծոցի երկրներին և Եվրոպային: Այնուամենայնիվ, սա արագ տեղի չի ունենա:
Եթե Իրանը զիջման չգնա, պատժամիջոցներն էլ կարող են ամբողջությամբ չհանվել:
Իրանի պոտենցիալ բացվելն աշխարհի համար տնտեսական և քաղաքական իմաստով լուրջ խնդիր է Ադրբեջանի համար, ինչն էլ ինքնին ազդում է Հայաստանի վրա: Ադրբեջանը շատ վաղուց է զգուշանում Իրանից՝ այդ երկրում ադրբեջանական մեծաթիվ բնակչության և կրոնական հարցերում տարբեր հայացքների պատճառով: Իրանի համաձայնագիրը նվազեցնում է տրանսկասպյան գազամուղը զարգացնելու հավանականությունը: Սա լուրջ խնդիր է էներգակիրների ցածր գներից տառապող Ադրբեջանի տնտեսության համար: Իսկ այդ նախագիծն արդեն իսկ շատ բարդ է և թանկարժեք: Ցամաքային գազամուղը Կենտրոնական Ասիայից Իրանի տարածքով դեպի Եվրոպա շատ ավելի էժան կարժենա և ավելի հեշտ կկառուցվի, ուստի Ադրբեջանը կարող է զրկվել Կենտրոնական Ասիայի ածխաջրածնային հանքերի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից:
– Հայաստանն այժմ հնարավորություն ունի դառնալու տարանցիկ տարածք իրանական գազի համար, բայց այստեղ կա Ռուսաստանի գործոնը, որը մշտապես սահմանափակել է Հայաստանի հարաբերությունները հարևանների, առաջին հերթին՝ Իրանի հետ: Դրա լավագույն վկայություններն են հայ-իրանական սահմանին կանգնած ռուս սահմանապահները և «Գազպրոմի» հետ կնքված գազային համաձայնագիրը, որով Հայաստանը զրկվել է երրորդ երկրից գազ գնելու իրավունքից: Ուրեմն ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը, և որքանո՞վ է իրատեսական Հայաստանի տարածքով Իրան-Եվրոպա գազամուղի կառուցումը:
– Ես վստահ չեմ, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր իրանական գազի համար: Ես գիտեմ՝ դա մեծ ցանկություն է, բայց արևմտյան երկրներին անհանգստացնում է տարածաշրջանում անկայունությունը: Ես նաև համոզված չեմ, որ գազատարի երթուղին տնտեսության մեջ նշանակություն ունի, որովհետև գազը դեպի հյուսիս՝ Հայաստան, և այնուհետև դեպի արևմուտք՝ Եվրոպա գնալու փոխարեն՝ կարող է գնալ նաև Թուրքիայի տարածքով:
Հայաստանը չի կարող ազատվել Ռուսաստանի վերահսկողությունից, որովհետև Հայաստանի տնտեսության ռազմավարական օբյեկտների մեծ մասը ժամանակին վաճառվել են Ռուսաստանին, կամ էլ Ռուսաստանը բաժնեմասեր ունի այդ ընկերություններում: Հայաստանի ղեկավարության՝ Եվրասիական միությանը միանալու որոշումը նույնպես սահմանափակում է նրա հնարավորությունը՝ դուրս գալու Ռուսաստանի տնտեսական ուղեծրից, նույնիսկ եթե կառավարությունը փորձում է որպես այլընտրանք համագործակցել Եվրոպայի հետ:
Կարծում եմ՝ այդ կախվածությունից ազատվելու լավագույն ճանապարհը օտարերկրյա ներդրողներին ներգրավելն է: Որպես այդպիսիք կարող են լինել Չինաստանը, Եվրոպական միությունը, Ծոցի երկրները կամ Միացյալ Նահանգները: Սակայն դա անելու համար Հայաստանը նախ պետք է երկրում հաստատի օրենքի գերակայություն, ստեղծի բիզնես-միջավայր և ձևավորի հակակոռուպցիոն օրակարգ:
– Հնարավո՞ր է, որ Իրանը համաձայնագրից հետո ավելի ակտիվորեն սկսի մասնակցել Կովկասի տարածաշրջանային քաղաքականությանը: Ինչպե՞ս դա կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
– Իհարկե, Իրանն ավելի շատ կներգրավվի տարածաշրջանային քաղաքականությանը: Բայց, կարծում եմ, Ադրբեջանը զգուշանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի ներգրավումից: Հաշվի առնելով, որ պատժամիջոցները հանելու և միջազգային հանրությանը Իրանի վերաինտեգրման գործընթացը դեռ նոր է սկսվում, չափազանց վաղ է հաշվարկել՝ Մինսկի խումբը բաց կլինի՞ Իրանի դերակատարության համար, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է մոտ հեռանկարին, ինձ թվում է՝ Իրանն ավելի շատ կկենտրոնանա Մերձավոր Արևելքի ճգնաժամի վրա, քան Կովկասի: Իրանն ավանդաբար ավելի շատ ուշադրություն է դարձրել հենց այդ տարածաշրջանի վրա:
– Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին բախումները չափազանց վտանգավոր իրավիճակ են ստեղծում: Ուշագրավ է, որ սեպտեմբերի առաջին օրերին հրադադարի ինտենսիվ խախտումները և մարդկային կորուստները շփման գծում համընկան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի հետ: Այս էսկալացիան որևէ կապ ունի՞ ռուս-ադրբեջանական բանակցությունների, Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու և Ադրբեջանին Եվրասիական նախագծի մեջ ներգրավելու Մոսկվայի մտադրության հետ:
– Ոչ, ես որևէ ուղղակի կապ չեմ տեսնում այդ միջադեպերի և Լավրովի այցի միջև: Բռնությունն աճեց մասամբ այն պատճառով, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի և Սիրիայի վրա: Ուստի նրանք ավելի քիչ ուշադրություն են դարձնում Ղարաբաղյան հակամարտության վրա և ավելի քիչ ճնշում են գործադրում հակամարտող կողմերի վրա:
Ռուսաստանը հաճախ անօգուտ է Ղարաբաղյան խնդրում: Բացի այդ, նա զենք է մատակարարում երկու կողմերին էլ: Բայց, ի վերջո, սահմանային գծում բռնության պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ուսերին:
– Ի՞նչ կարող ենք ակնկալել բանակցային գործընթացից: Ձեր կարծիքով՝ ե՞րբ հակամարտությունը կսկսի շարժվել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ուղղությամբ:
– Ես խիստ անհանգստացած եմ հակամարտության ապագայով: Երկու կողմերն էլ, կարծես, ստատուս քվո են ուզում: Բայց խնդիրն այն է, որ ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել: Հակամարտությունից տուժում են և Հայաստանի, և Ադրբեջանի տնտեսությունները: Իսկ վատ տնտեսական վիճակը հակամարտության գոտիներում հաճախ տանում է բռնության:
Շարժումը դեպի խաղաղություն ավելի շատ կախված է ոչ թե միջազգային հանրությունից, այլ հակամարտող կողմերից, որոնք պետք է ստեղծեն խաղաղության հիմք բնակչության շրջանում: Երբ դա տեսնենք, այն ժամանակ կիմանանք, որ խաղաղությունը սարերի ետևում չէ:
– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստման բազա: Մի շարք լրատվամիջոցներ սա ընդունեցին որպես Ղարաբաղում ռուսական զորքեր տեղակայելու առաջարկ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Ես այնքան էլ համոզված չեմ, որ նա խաղաղապահներ է հրավիրում տարածաշրջան: Ես հետևում էի Դուշանբեում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի քննարկումներին: Այնտեղ հնչեցին մտահոգություններ Եվրասիայում (ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում) ծայրահեղացման և անկայունության վերաբերյալ: Այդ հանդիպման մեծ մասը նվիրված էր Տաջիկստանում վերջին իրադարձություններին և այլ երկրներում բռնության տարածման վտանգներին: Ես Սարգսյանի հայտարարությունը դիտում եմ այն համատեքստում, որ ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի դիմագրավելու անկայունությանը ավելի լայն տարածաշրջանում, ոչ թե Ղարաբաղում:
Այնուհանդերձ՝ ես կասկածում եմ ՀԱՊԿ-ի արդյունավետությանը: Ղրղըզստանում 2010 թվականի բռնությունների ժամանակ ՀԱՊԿ-ը շատ քիչ գործ արեց: Այդ կազմակերպությունը խաղաղապահ առաքելությանը ծառայելու համար չէ: Ըստ իս՝ այնտեղ ավելի շատ հռետորաբանություն է և աղմուկ ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին, բայց այդ կազմակերպությունը ոչ մի դերակատարում չի ունեցել Կենտրոնական Ասիայում վերջին մեծ ճգնաժամի ժամանակ բռնությունը կանխելու հարցում:
Հարցազրույցը` Արամ Սարգսյանի




































