Ցանկացած պետություն, որը հավակնում է միանձնյա առաջնորդության՝ առանց հաշվի առնելու մյուսների շահերը, վերջնարդյունքում ինքն է դատապարտված ձախողման և կործանման: Այս մասին կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ «ցանկացած գերակայություն՝ ի հաշիվ ինչ-որ մեկի, հավերժ չէ և վնասակար է»: «Իզուր չէ ժողովրդական իմաստությունն ասում՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի»,- ընդգծել է նա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ուժերի հավասարակշռությունը մինչ այժմ չի հաջողվել վերականգնել:
«Ցանկացած համակարգում ուժը, եթե այն միակն է, գործում է անվերահսկելիորեն, ձգտում է միայն իր բարգավաճմանն ու խնդիրների լուծմանը ի հաշիվ այլոց»,- նշել է նա:
«Իրաքում միջուկային զենքի առկայության պատրվակով հայտնի պետությունները որոշել են ժողովրդավարական դարձնել այն: Եվ որտե՞ղ է այդ միջուկային զենքը: Որտե՞ղ է Իրաքում ժողովրդավարությունը: Ինչո՞ւ սպանեցին Իրաքի նախագահին: Որտե՞ղ է ընդհանրապես այդ երկիրը, և ո՞րն է Իրաքի ժողովրդի ապագան»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ այնուհետև «ներխուժեցին Սիրիա»:
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Լուկաշենկոն ընդգծել է՝ եթե չդադարեցվի արյունահեղությունը և Եվրոպայում եղբայրասպան պատերազմը, կտուժի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը:









































