Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Վերազարթոնքի Մյուռոնն արժևորելով, արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին. Գարեգին Բ

Սրբալույս Մյուռոնի օրհնության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդն իր պատգամը հղեց համայն հայությանը: Նա նշեց, որ օրը տոնական է և նոր ուրախությամբ լի: Վեհափառը կոչ արեց արժևորել Մյուռոնը որպես սրբացյալ կյանքի, վերազարթոնքի, ինչպես նաև ազգային միասնականության նշան: Ամենայն Հայրապետը շեշտեց, որ Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք դարձավ նաև 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան` պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենիք:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է` նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին:
Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով` իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում` հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան` ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:

Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում` աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը` ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հոգածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ա զգի վրա:

Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը` օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը: Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնու մ պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի, պատկերները` մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները` իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը` աներկբա վստահությամբ, որ այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների… կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսար կուի»:
Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան` պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը` օրհնված Ցեղասպանwւթյան 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև` մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ` հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հո•ու արիությունն ու անպարտ ոգին:

Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով` հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակներ ը, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը` ազգային զարթոնքի:

Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում` դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն:

Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»:

Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը` առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի:

Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը` մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբորը` Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան Արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսkոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների:

Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան, ամէն»,-ասված է Վեհափառի խոսքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում