Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը բուռն քննադատության արժանացավ ներառական կրթության վերաբերյալ վերջերս արտահայտած կարծիքի պատճառով: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք այդ քննադատությունից հետո Ա. Սուքիասյանը փոխել է կարծիքը:
«Ափսոսում եմ, որ թյուրըմբռնում տեղի ունեցավ: Ես չեմ ժխտել, չեմ մերժել կամ բոյկոտել, ես կարծիք եմ հայտնել, որ դեռ վաղ է, մի շարք հարցերում մենք դեռ լիովին պատրաստ չենք ներառական կրթության համակարգին: Ես ունեմ մտահոգություններ՝ մի շարք մասերով»,- պարզաբանեց Ա. Սուքիասյանը և հավելեց. «Իմ ելույթին հաջորդել են նախաձեռնություններ, քննարկումներ: Եվ գործնական քայլեր ձեռնարկելով՝ իմ մտահոգությունները կամաց-կամաց ի չիք կդառնան: Այն մեկնաբանությունները, որոնցով խիղճ ունենալ- չունենալու, բարու և չարի հարց էին բարձրացնում, առնվազն լուրջ չէին»:
«Առաջին, երկրորդ դասարանցին իսկապե՞ս ճնշվում է իր կողքին տեսնելով ներառական խնդիրներ ունեցող դասընկերոջը»: Այս հարցին քաղաքապետի տեղակալը պատասխանեց. «Ներառական որոշ խնդիրներ կան, որոնց առավել լուրջ, զգույշ և զգոն վերաբերմունք է անհրաժեշտ նաև ուսուցչի կողմից, որը պետք է չափազանց պատրաստված լինի, ոչ թե 15-օրյա վերապատրաստում անցած, նաև հոգեբանի անհրաժեշտություն կա դպրոցում: Իմ բարձրաձայնածը առկա բացերի մասին է: Կան դեպքեր, որոնք խնդիր առաջացնող են»:
Ահնդրադառնալով այն հարցին, թե կա՞ն դժգոհություններ, որ քաղաքապետարանը ստանում է դպրոցներից, ծնողներից, որ երեխան ճնշվում է՝ իր կողքին տեսնելով ներառական խնդիրներով դասընկերոջը, Ա. Սուքիասյանը պատասխանեց. «Անշուշտ, օրինակներն առկա են»:










































