Եթե մինչ այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թեժացումները իրենց վրա էին զգում զինված ուժերը, ապա այժմ թեժացման անմիջական թիրախը խաղաղ բնակավայրերն են՝ քաղաքացիական բնակչությունը: Ու այն, որ դա արդեն ինտենսիվ պարբերականությամբ շարունակվում է մոտ մեկ ամիս, և Ադրբեջանը նույնիսկ չի էլ ուզում հերքել, որ թիրախ է դարձնում խաղաղ բնակչությանը, հուշում է այդ իրավիճակի հավանական տևականության մասին:
Թեթև հույս կարող է լինել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվի գոնե հրադադարի խախտումները սահմանափակել, այսպես ասած, զինվորական շրջանակներով: Սակայն դա երևի թե ավելի շատ տեսական, քան գործնական հույս է, ինչի մասին վկայում է Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը: Այդ հայտարարությունն ավելի շատ անզորության, քան որևէ բան փոխելու տրամադրություն ու տրամադրվածություն էր արտահայտում: Պետք է ընդունել, որ եթե ինչ-որ բան փոխվելու էր, ապա արդեն փոխվել է, և այդ ինչ-որ բանը վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին:
Փոխվել է այդ գործընթացի տրամաբանությունը, և այստեղ ներկայումս իրավիճակը հայտնվել է թեժ դիմակայության երկրորդ փուլում: Սա համահունչ է աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությանը: Մասնավորապես՝ ղարաբաղյան առաջին պատերազմը բռնկվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգահեռ, երբ քանդվում էր կայսրությունը: Ներկայումս կայսրության փլուզման երկրորդ փուլն է, որը դրսևորվում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությամբ, և որն անխուսափելիորեն ավարտվելու է Ռուսաստանի համաշխարհային դիրքերից նոր նահանջով: Եվ այս գործընթացում էլ արձանագրվում է ղարաբաղյան, ըստ էության, երկրորդ պատերազմը, որը սակայն, ի տարբերություն առաջինի, սողացող պատերազմ է, ինչպես բնորոշել էր առաջին պատերազմի հերոսներից Ժիրայր Սեֆիլյանը՝ գնահատելով վերջին իրադարձությունները:
Հայաստանը և Ղարաբաղը պետք է դիմակայեն ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը և անեն ամեն ինչ, որպեսզի այդ փուլն էլ ռազմական առումով ավարտվի հաղթանակով՝ տվյալ դեպքում թերևս առաջին հաղթանակի պահպանման տեսքով: Սա, իհարկե, ներքին ու արտաքին բազմաբնույթ գործոնների հանրագումար է և պահանջում է հսկայական ջանքեր բոլոր ուղղություններով՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին կյանքի որակական փոփոխության:
Նոր իրավիճակում, իհարկե, առաջնային խնդիրներից մեկը դառնում է Տավուշի մարզի և ընդհանրապես սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության խնդիրը: Խոսքը չի կարող լինել լոկ ֆիզիկական անվտանգության, ռազմական պաշտպանության մասին: Այստեղ անվտանգությունը ունի և պարտադիր պետք է ունենա և՛ հոգեբանական, և՛ տնտեսական, և՛ ռազմական բաղադրիչներ: Հայաստանը սահմանամերձ բնակավայրերում պետք է պատրաստվի «պաշարման» քաղաքականության, այսինքն՝ արտակարգ դրության, որը պահանջում է ներքին ռեսուրսների էական մոբիլիզացիա:
Պետք է արձանագրել, որ Ադրբեջանն առաջիկայում ամենայն հավանականությամբ չի հրաժարվելու սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումից: Հետևաբար ջանքերը պետք է գնան ոչ միայն զսպմանը, այլ նաև Ադրբեջանի հրետակոծությունների, այսպես ասած, արդյունավետության զրոյացմանը: Դա նշանակում է առաջին հերթին պաշտոնական ներկայացուցչականության մշտական ապահովում սահմանամերձ գյուղերում: Այսինքն՝ այդ գյուղերում պետք է մշտապես ներկա լինեն պաշտոնյաներ, որոնք կիրականացնեն անվտանգության և ընդհանրապես օպերատիվ կառավարման աշխատանքներ:
Անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հրատապ, մասշտաբային միջոցառումներ, ապաստարանների պատրաստում, ենթակառուցվածքների զարգացում, որոնք թույլ կտան հնարավորինս արագ արձագանքել արտակարգ դրությանը և հարկ եղած դեպքում կա՛մ օգնության հասնել քաղաքացիներին, կա՛մ պարզապես էվակուացնել նրանց առանց կորուստների: Արտակարգ դրության պետք է բերվի սահմանամերձ բնակավայրերի կյանքի ռեժիմը, այդ թվում՝ տնտեսական առօրյան: Ընդհանրապես, պետք է այդ փոփոխությունը, այդ վերանայումը կատարվի երկարաժամկետ հաշվարկով, քանի որ ընդհանուր առմամբ ռիսկերը երկարաժամկետ են, և դա ակնհայտ է:
Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի տնտեսական պլանավորումը պետք է իրականացվի արտակարգ դրության տարիների հաշվարկով, հետևաբար կենսագործունեության հնարավորությունները պետք է վերափոխվեն և համապատասխանեցվեն «պաշարման» ռեժիմին: Իհարկե, այդ ռեժիմը նախևառաջ ենթադրում է Հայաստանի կենտրոնական հատվածների ու մասնավորապես Երևանի հետ տարաբնույթ արագ և օպերատիվ հաղորդուղիների ապահովում, կապի բոլոր միջոցներով՝ համացանցից մինչև ավտոճանապարհներ: «Պաշարումը» պետք է լինի տրամաբանություն, բայց ոչ ֆիզիկական վիճակ: Ֆիզիկական վիճակով ամեն ինչ պետք է լինի հակառակը, և սահմանամերձ բնակավայրերը իրենց թիկունքում ավելի տաք պետք է զգան Երևանի ու մնացյալ քաղաքների և բնակավայրերի աջակից շունչը:
Բնականաբար, այդ ամենը կպահանջի տնտեսական մեծ ռեսուրսներ, ինչն էլ իր հերթին կարող է ապահովվել միմիայն երկրի ներսում կառավարման արդյունավետության և արդարացիության բարձրացման շնորհիվ, համակարգային իրական ռեֆորմների շնորհիվ, որոնք լիովին կփոխեն թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե՛ սոցիալ-տնտեսական պատկերը, թե՛ երկրի իմիջը արտերկրում, թե՛ ներդրումային գրավչությունը և թե՛ քաղաքական կշիռը: Ամեն ինչ չափազանց պարզ է՝ պատերազմը սողացել է սահմանի «փշալարի» տակից, որքան ուշ արձանագրենք այդ իրողությունը, այնքան այն կարող է վտանգավոր դառնալ:
Ամբողջ Հայաստանը պատերազմական կամ արտակարգ դրության անհրաժեշտությունից զերծ պահելու համար պետք է ամբողջ Հայաստանի համար խնդիր դնել սահմանամերձ բնակավայրերում արտակարգ կառավարման արդյունավետ իրականացմանը նպաստելը: Դրա շնորհիվ նաև էապես կարող է բարձրանալ Ադրբեջանին զուտ ռազմական միջոցներով զսպելու առանց այդ էլ շոշափելիորեն բարձր, բայց օբյեկտիվորեն ինքնին անբավարար գործոնի արդյունավետությունը: Մինչև Հայաստանի իշխող համակարգը որակապես, խորքից չփոխի իր իսկ վարքը Հայաստան պետության հանդեպ, այդ վերաբերմունքը վերջապես չվերածի իրապես պետական վարքի, եթե իհարկե՝ ունակ է դրան, անհնար կլինի հիմնովին փոխել Բաքվի սանձարձակ վարքը:










































