Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը նախկինի նման հետաքրքրված է Փոթիի նավահանգստում նավթավերամշակման գործարանի կառուցմամբ: Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին։
Նրա խոսքերով՝ նավթավերամշակման գործարանի կառուցումը շարունակում է մնալ Վրաստանի առաջնահերթությունների թվում։ 2014 թվականի հոկտեմբերին Վրաստանի կառավարությունը հայտարարեց Փոթիի նավթավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ մրցույթ, որին մասնակցել է երեք ընկերություն՝ New Artway Ltd, Lohrmann International ու OTC Consortium։
2015 թվականի հուլիսին մրցույթն ավարտվեց, սակայն դրա բոլոր մասնակիցները որակազրկվեցին, քանի որ չէին ներկայացրել մրցույթի պայմաններում նշված լիարժեք փաստաթղթեր։ Վալիշվիլին հայտարարել է, որ իրենք չունեն մրցույթի հաղթող և պահանջել են վերանայել ստացված առաջարկները։
Նա հավելել է, որ Փոթիի նավթավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ նոր մրցույթ հայտարարելու ու նախագծի հետագա ճակատագրի շուրջ որոշում դեռ չի ընդունվել։ Վրացական կողմի պահանջներին համապատասխան՝ Փոթիի նավթավերամշակման գործարանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2018 թվականի ավարտը։




































