«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը հայտարարում է. «Մենք գիտենք, թե ով է Սմբատ Հակոբյանի ծեծի պատվիրատուն և պետք եղած ժամանակ կհրապարակենք անունը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Առաքելյանը մասնավորապես ասաց. «Կան «վայ ազատամարտիկներ», որոնք չգիտեմ դեռ՝ ում պատվերն են կատարում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Սմբատ Հակոբյանը որևէ մեկի հետ կենցաղային բնույթի խնդիր չունի, այս ծեծն ուղղակի քաղաքական հաշվեհարդար է»:
Այնուհետև մեր զրուցակիցը հավելեց. «Այն ազատամարտիկները, որոնք որ բարբաջում են, թե գումար է պարտք եղել և այլն, հերյուրանք ու սուտ են տարածում մամուլով»:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ որպես դաշինքի խորհրդի անդամ, մենք գիտենք՝ պատվիրատուն ով է, և գիտենք՝ ովքեր են արել, կգա ժամանակը՝ կմանրամասնենք»,- եզրափակեց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:










































