Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խնդիրը ոչ թե MAP (անդամակցության գործողությունների ծրագիր) ստանալն է, այլ ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։
Նրա խոսքով՝ Վրաստանը պայքարում է ոչ թե MAP ստանալու, այլ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և Վրաստանի առաջադրանքների թվում են այն բոլոր գործողությունները, որոնք գործնականում ավելի իրատեսական են դարձնում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը: Դա վերաբերում է ինչպես դեկտեմբերյան (ՆԱՏՕ-ի) նախարարական հանդիպմանը, այնպես էլ Վարշավայի գագաթնաժողովին:
«Ընդհանրապես նշանակություն չունի, թե ինչպես է կոչվում դա։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը՝ որպես պաշտպանության նախարար, ապա ես կարծում եմ, որ Վրաստանին անհրաժեշտ չէ MAP, Վրաստանն այսօրվա դրությամբ ունի բացարձակապես բոլոր գործիքները և 10, 20 անգամ ավելի շատ, քան յուրաքանչյուր երկիր։ MAP-ն ունի միայն քաղաքական նշանակություն»։










































