Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական երկրները պետք է կրճատեն ալկոհոլի ու ծխախոտի սպառման մակարդակը, ինչպես նաև ակտիվորեն պայքարեն ավելորդ քաշի ու ճարպակալման դեմ։ Հակառակ դեպքում գոյություն ունի այնպիսի ռիսկ, որ Եվրոպայում ապագա սերնդի կյանքի տևողությունը կլինի շատ ավելի կարճ, քան ներկայիս սերնդի պարագայում է։ Այդ մասին նշված է Եվրոպայում առողջապահության վիճակի մասին զեկույցում, որը հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոն։
Այդ տարածաշրջանում գտնվում է 53 երկիր, այդ թվում նաև՝ նախկին Խորհրդային միության բոլոր երկրները։ Փորձագետներն ընդգծում են, որ չնայած Եվրոպայում վաղաժամ մահացության դեմ պայքարի հարցում ձեռք է բերվել առաջընթաց, սակայն դա ամեն դեպքում բավարար չէ։
121 էջանոց զեկույցում նշված է, որ եվրոպացիների շրջանում ալկոհոլի սպառումը կազմում է 10.9 լիտր մաքուր սպիրտ, մինչդեռ աշխարհի մասշտաբով միջին ցուցանիշը կազմում է 6.2 լիտր։ Զեկույցում նաև նշված է, որ 900 միլիոն ընդհանուր բնակչություն ունեցող Եվրոպան ծխախոտի սպառման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։
Զեկույցի համաձայն՝ միջին հաշվով ծխում է յուրաքանչյուր երրորդ եվրոպացի։ Եվրոպական երկրներում ավելորդ քաշ ունեն կամ ճարպակալումից տառապում է բնակչության 59 տոկոսը։ Այդ ցուցանիշով Եվրոպան զիջում է միայն Ամերիկային։











































