Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում կենդանիների պաշտպանները դատարանի միջոցով փորձում են հասնել նրան, որ ճանաչեն ինդոնեզական արգելոցում ապրող Նարուտո անունով շնակապիկի (պավիանի) մտավոր սեփականության իրավունքները՝ փոխհատուցելով նրա լուսանկարի օգտագործման համար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում է երեքշաբթի հրապարակված հայցի հայտարարությունը, որը ներկայացրել է PETA ամերիկյան կազմակերպությունը:
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ 2011թ. բրիտանացի լուսանկարիչ Դևիդ Սլեյթերը գնացել է բնապահպանական համալիր Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում՝ կապիկներ լուսանկարելու: Այդ ժամանակ նա իր ֆոտոխցիկը թողել է առանց հսկողության, որը հայտնվել է շնակապիկների, նաև՝ Նարուտոյի ձեռքում: Նա պատահմամբ մի քանի լուսանկար է արել, այդ թվում՝ չափազանց հաջող «սելֆի»:
Պատկերը, որում խոշոր պլանով Նարուտոն է, 2014թ. հրապարակել է ամերիկյան Blurb հրատարակչատունը Սլեյթերի գրքում, որն ավելի ուշ վաճառքի է հանվել: Գրքում նշված է, որ լուսանկարի իրավունքները պատկանում են լուսանկարչին, ինչպես նաև նրա ընկերությանը՝ բրիտանական Wildlife Personalities-ին:
«Սլեյթերը հրապարակավ խոստովանել է, որ կապիկի սելֆին Նարուտոն է արել,- նշում են հայցվորները:- Չնայած դրան՝ Սլեյթերը հրապարակել է այդ լուսանկարը՝ պնդելով, թե հեղինակն ինքն է, ոչ թե Նարուտոն»: Այս առնչությամբ PETA-ի ներկայացուցիչները պնդում են, որ շնակապիկը ճանաչվի լուսանկարի իրավունքների միակ տերը, իսկ լուսանկարիչն ու նրա ընկերությունը, նաև Blurb-ը, «վճարեն օրենքով նրան (պավիանին) հասանելիք՝ հրապարակումից ստացված եկամուտները»:
Հայցում նշված է, որ նշված միջոցները «պետք է օգտագործվեն բացառապես ի բարօրություն Նարուտոյի, նրա ընտանիքի և պոպուլյացիայի, այդ թվում՝ նրանց բնակության միջավայրի պահպանության նապաակներով»:









































