Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը ԵԽԽՎ բյուրո է ներկայացրել Մեծամորի ատոմակայանի փակման մասին մի նախագիծ: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը:
Վերջինիս խոսքերով, այդ փաստաթուղթը ստորագրել են 30 պատգամավորներ: Դրանում պահանջվում է Մեծամորի ատոմակայանի «վտանգավոր» գործունեության հետազոտման համար նշանակել հատուկ զեկուցող և ստեղծել հատուկ հետաքննիչ հանձնաժողով:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Կիևում տեղի ունեցած միջուկային գագաթնաժողովում Մեծամորի ատոմակայանի փակման «անհրաժեշտության» մասին բարձրաձայնել էին Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն և Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: