Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Իրանին առաջարկում է օգտագործել ադրբեջանական գազապահեստները՝ իրանական գազը պահելու համար, որը հետագայում կմատակարարվի Իրանի հյուսիսային շրջաններ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը։ Նա պարզաբանել է, որ Իրանը ձմռանը խնդիրներ է ունենում իր հյուսիսային շրջաններին գազ մատակարարելու հարցում, ինչի համար էլ իրենք Իրանին առաջարկում են ամռանը գազ ներմղել Ադրբեջանի ստորգետնյա գազապահեստներ, որը ձմռանը կուղղվի Իրանի հյուսիսային շրջաններ։
Իրանը ներկայումս Նախիջևանի կարիքների համար իրականացնում է օրական 1.3 միլիոն խորանարդ մետր ծավալով ադրբեջանական գազի սվոփային մատակարարումներ։ Իրանին գազի մատակարարումն իրականացվում է Գաջիգաբուլ-Աստարա գազատարով։ Ադրբեջանն ունի ստորգետնյա երկու գազապահեստ՝ Գալմազում ու Ղարադաղում։









































