Ձախ արմատական ուժերի «Սիրիզա» կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը երդում է տվել Հունաստանի վարչապետի պաշտոնում, հայտնում է tass.ru-ն:
Արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում երկրի ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի մասնակցությամբ:
Ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ առաջին անգամ հաղթեց «Սիրիզան», այս անգամ ևս, վարչապետի աթեիստական հայացքներով պայմանավորված, աշխարհիկ երդման արարողություն էր կազմակերպվել:
Ցիպրասը, Հունաստանի նախագահի առջև կանգնած, հայտարարել է, որ կհետևի Հունաստանի Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև կծառայի հույն ժողովրդին: Ավանդաբար ուղղափառ Հունաստանում, որտեղ եկեղեցին պետությունից անջատ չէ, վարչապետը երդվում է Աթենքի և ողջ Հունաստանի արքեպիսկոպոսի ներկայությամբ՝ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա:











































