Ազգային ժողովում չի եղել մի խմբակցություն եւ քաղաքական ուժ, որը չի մասնակցել Սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումները ևս մեկ անգամ վերահաստատել են հետևյալ փաստերը. խորհրդարանում առկա քաղաքական ուժերը ճնշող մեծամասնությունը դրական է արտահայտվել Սահմանադրության նոր նախագծին, ինչպես նաև տեղի է ունեցել քաղաքական կոնսոլիդացիա։
«Քաղաքական կոնսոլիդացիան խորհրդարանում արդեն իսկ փաստ է. կային ուժեր, որոնք ամիսներ առաջ խոսում էին բացասաբար, այսօր այլ կարծիքի են։ «Ժառանգություն» խմբակցությունում ֆորմալ առումով գոնե երեքը, նույնիսկ չորսը դրական են արտահայտվել բարեփոխումներին։ ՀԱԿ խմբակցության ֆորմալ առումով երկուսը եւ կուսակցությունների առաջնորդները հանդիպել են ՀՀ նախագահի հետ։ ԲՀԿ խմբակցությունը նույնպես դրական է արտահայտվել նախագծին։ Աննախադեպ քննարկումներ են տեղի ունեցել այս օրերին»,- ասաց Շարմազանովը։







































