Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան դրականորեն է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունը։ Սեկուտայի խոսքով՝ մարդավաճառությունը դարձել է չարիք, որին բախվում են բոլոր երկրները, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը։
Սեկուտան լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաև Ադրբեջանում մամուլի ազատության ու ժողովրդավարության շուրջ տիրող իրավիճակը և հայտարարել, որ այդ հարցերը մշտապես Ադրբեջանի կառավարության հետ ԱՄՆ-ի երկխոսության կենտրոնում են. «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը՝ հանուն ուժեղ, ժողովրդավարական, զարգացող Ադրբեջանի, ինչպիսին որ այն ցանկանում են տեսնել ադրբեջանցիները»։
Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Սեկուտան հայտարարել է, որ Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ը նրա հետ համագործակցել է, որպեսզի յուրաքանչյուր նոր ընտրություն քայլ լինի ժողովրդավարության զարգացման ճանապարհին. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ ու արդար։ Մենք էլ ենք դա ցանկանում»։








































