ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կսկսի «վեցյակի» հետ միջուկային պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ գործնական քայլեր կատարել հոկտեմբերի 18-ին: Դա հաստատել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձինք լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված է եղել Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի առաջիկա կատարմանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նրանք հիշեցրել են, որ հոկտեմբերի 18-ն ընդունված է համարել միջուկային գործարքի «ուժի մեջ մտնելու օր»:
Ճեպազրույցը վարողներից մեկը հայտարարել է՝ ենթադրվում է, որ հոկտեմբերի 18-ին «իրանցիները կսկսեն քայլեր կատարել, որոնք նրանք պարտավորվել են անել մինչ պատժամիջոցների մեղմացումը»: «Երբ այդպիսի քայլեր կատարվեն (մենք չգիտենք՝ դա երբ կլինի), կգա «իրականացման ամսաթիվը», երբ ԱԷՄԳ-ը (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) կհաստատի, որ նրանք (իրանցիները) կատարել են այդ քայլերը: Դրանից հետո Իրանին իսկապես կապահովեն պատժամիջոցների մեղմացմամբ»,- ասել է ԱՄՆ իշխանության գործադիր ճյուղի ներկայացուցիչը:
Իր հերթին ճեպազրույցի մեկ այլ անդամ նշել է, որև Իրանը, «վեցյակի» հետ կնքված համաձայնագրի կետերի համաձայն, պետք է, մասնավորապես, Նաթանզայում ձեռնարկությունից վերացնի ուրանի հարստացման համար նախատեսված «հազարավոր ցենտրիֆուգները», այդ օբյեկտում ապամոնտաժի ենթակառուցվածքը, այդ թվում՝ խողովակներն ու էլեկտրալարերը, նման աշխատանքներ կատարի նաև Ֆորդուի և Արակի ատոմային համալիրներում: «Այդ գործընթացն ամիսներ կտևի»,- կանխատեսել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը:









































