Երեխաները, որոնք վախենում են նոր մթերքներ փորձել, կարող են վատ սնվել նույնիսկ դեռահասության տարիքում, նաև տառապում են ցածր ինքնագնահատականից և անհանգստությունից: Kedem.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բասկերի երկրի համալսարանի գիտնականները:
Միաժամանակ, եթե մեծահասակները երեխաներին ստիպում են այդ մթերքները փորձել նրանց կամքին հակառակ, ապա դա կարող է հանգեցնել տհաճ հետևանքների, օրինակ՝ ընկճախտի:
Հետազոտության ընթացքում 8-16 տարեկան 830 դպրոցական պատասխանել են անկետայի հարցերին, որոնք նշել են նեոֆոբիայի (նոր մթերքներից վախի) առկայությունը կամ բացակայությունը: Արդյունքները ցույց են տվել, որ անծանոթ սննդից վախեցող երեխաները սովորաբար ցածր ինքնագնահատական են ունեցել և անհանգստության բարձր մակարդակ:
Այդ խնդրից խուսափելու համար փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուտելու ընթացքում ապահովել հանգիստ, հաճելի մթնոլորտ, երեխաներին ներգրավել սննդի պատրաստմանը, մթերային խանութներում գնումներին, նաև իրենք պետք է լավ օրինակ լինեն երեխայի համար:
Հետազոտողների խոսքով՝ եթե երեխաները վախենում են նոր մթերքներ փորձել, ծնողները պետք է գնահատեն պայմանները, որոնցում դրանք մատուցվում են, քանի որ անբարենպաստ միջավայրը կարող է սննդի հարցում բծախնդրության պատճառ դառնալ:









































