Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան միջազգային 7-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարվա դափնեկիրներ են դարձել Սաուդյան Արաբիան ներկայացնող, կանանց իրավունքների հարցերով ակտիվիստ Սամար Բադավին և Թուրքիայում ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Kaos GL նախաձեռնությունը։
Բադավին, ով արժանացել է Հրանտ Դինքի անվան մրցանակին, Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների համար պայքարի առաջամարտիկներից է և աչքի է ընկել իր երկրում մարդու իրավունքները ոտնահարելու մասին միջազգային հանրությանն իրազեկելու գործունեությամբ։ Բադավին չի կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը՝ կապված երկիրը լքելու արգելքի հետ։
Ինչ վերաբերում է Kaos GL նախաձեռնությանը, ապա նա այդ մրցանակին է արժանացել Թուրքիայում ԼԳԲՏ իրավունքների իր հետևողական ու արդյունավետ պաշտպանության համար։ Ընդգծվում է, որ Թուրքիայում շարունակում են աճել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները։










































