Հայաստանի առաջին արտգործնախարարն ավարտել է քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը և վեհափառը քննարկեցին Հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի և թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:
Նա հնարավորություն է ունեցել այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու հպարտ շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:




































