Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց, մասնավորապես՝ երեխաների համար հավասար պայմաններ, ազատ տեղաշարժի հնարավորություններ ստեղծելու մասին համապատասխան մարմինները որքան ասես՝ խոսում են, ամպագոռգոռ հայտարարություններ անում։ Իսկ թե իրականում որքանով է իրենց հաջողվում ապահովել խոստացված հավասար պայմանները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղիղ պատասխանելու փոխարեն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնում է այդ ուղղությամբ կառավարության ապագա ծրագրերը։
Անգամ հոգեբանական առումով այդ հավասարությունը կրթական հաստատություններում չի հաջողվում ստեղծել, տնօրեններն ու ուսուցիչները դժգոհում են ներառական կրթության ծրագրից, ուր մնաց՝ միջոցներ ու ջանքեր պահանջող տեխնիկական մասով։
Սա հատկապես վառ արտահայտվեց օգոստոսի 28-ին Երևանի փոխքաղաքապետի և կրթական հաստատությունների տնօրենների հանդիպման ժամանակ, երբ փոխքաղաքապետը անկաշկանդ քննադատեց ներառական կրթությունը՝ հայտարարելով, որ լիարժեք երեխաների վրա ծանր ազդեցություն է թողնում ֆիզիկական խնդիրներ ունեցողների հետ կողք կողքի կրթվելը։ Իսկ այս խայտառակ, անմարդկային հայտարարությունն արժանացավ բուռն ծափահարությունների երեխաների կրթության, դաստիարակության, ինչպես նաև հավասարություն սերմանելու պարտականությունը օրենքով ստանձնած տնօրենների կողմից։
Արդյոք սա չի՞ նշանակում, որ կառավարության հայտարարություններն ու ծրագրերը սին են։ Առավել ևս, որ մինչ օրս ազատ տեղաշարժվելու համար անգամ պատշաճ թեքահարթակներ ու փոխադրամիջոցներում հարմարավետ պայմաններ չեն ստեղծվել։ «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրուցել է Արտեմ Ասատրյանը։
Ավելին՝ տեսանյութում:










































