Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Չինաստանի թույլ տնտեսական վիճակագրության ֆոնին, ինչն ուժեղացնում է Չինաստանի կողմից նավթի պահանջարկի հեռանկարների վերաբերյալ մտավախությունները, նաև նավթ արտահանող երկների կազմակերպությունից (ՕՊԵԿ) ստացված լուրերից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Մեր ժամանակով 15.24-ի դրությամբ Brent տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0,65%-ով՝ մինչև 48,72 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն ընկել է 0,07%-ով՝ մինչև 44,59 դոլար 1 բարելի դիմաց:
Կիրակի հայտնի դարձավ, որ Չինաստանում հիմնական միջոցներում ներդրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին աճել է 10,9%-ով: Բացի դրանից՝ այդ երկրում արդյունաբերական արտադրության ծավալն օգոստոսին ավելացել է ընդամենը 6,1%-ով տարվա կտրվածքով:
Բացի դրանից՝ երկուշաբթի ՕՊԵԿ-ը հայտնել է օգոստոսին նավթի արդյունահանման աճի մասին՝ օրական 13,2 հազար բարելով՝ մինչև 31,54 մլն բարել օրական:
ՕՊԵԿ-ը օրական 90.000 բարելով՝ մինչև 92,79 մլն բարել օրական բարելավել է 2015թ. նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը: Միաժամանակ, կազմակերպությունը վատացրել է 2016թ. նավթի պահանջարկի կանխատեսումը՝ 50.000 բարելով օրական՝ մինչև 94,08 մլն բարել օրական:










































