Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Իջևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է Վարդան Ղալումյանը, որը երեք տարի առաջ ԲՀԿ-ից էր, իսկ այսօր ՀՀԿ-ի հովանավորյալն է: Իջևանի քաղաքապետի ընտրությունները հատկանշական են ընդհանրապես ներքաղաքական գործընթացների «պարադիգմի» տրամաբանության համատեքստում: Բանն այն է, որ Վարդան Ղալումյանի, այսպես ասած, առաջին ընտրությունը տեղի ունեցավ Հայաստանում նոր սաղմնավորվող «ոչիշխանական» բևեռի, այսպես ասած, ծավալման շրջանում: Ղալումյանն այդ ժամանակ ԲՀԿ-ական էր, նրա ընտրությանը սատարել էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», նաև ՀՅԴ-ն:
Այդ ընտրությունները ներկայացվեցին նաև միասնական ընդդիմության հաղթանակ իշխանությունների նկատմամբ, որոնք էլ փորձ արվեց ներկայացնել որպես 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն այդ ուժերի արդեն լայն հաջողության նախատիպ: Իրականում, սակայն, 2012 թվականի ընտրությունները ավարտվեցին բոլորովին այլ պատկերով, ինչն էլ, ըստ էության, ընդունեցին և՛ ՀԱԿ-ը, և՛ Ժառանգությունը, և՛ ՀՅԴ-ն ու առավել ևս ԲՀԿ-ն:
Հետո իրադարձությունները զարգացան արդեն հակառակ տրամաբանությամբ, և այսօր ոչիշխանական բևեռն ըստ էության չկա, սակայն Վարդան Ղալումյանը կա և վերընտրվում է քաղաքապետ, ըստ որում՝ արդեն այլ կուսակցական հովանու ներքո՝ ՀՀԿ-ի:
Եվ այս ամենը խորհրդանշականություն է ստանում այն ֆոնին, որ այսօր էլ Հայաստանում նորից փորձ է արվում ձևավորել, այսպես ասած, հուժկու ընդդիմադիր ճակատ, որում ներկայացված կլինեն նաև ոչիշխանական բևեռի որոշ ուժեր: Այսինքն՝ ճակատները փոխվում են, իսկ «ղալումյանները»՝ մնում, և սա, ըստ էության, ակնառու կերպով ցուցանում է այն կտրվածությունը, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական հարթության մոտ առկա է հասարակական տարբեր շերտերում առկա հոգեբանության, մտածողության՝ տրամադրությունների, նաև փոխհարաբերությունների մեխանիզմի առումով:
Այստեղ կա խզվածք ոչ միայն իշխանությունների ու հասարակության, այլ նաև ընդդիմությունների ու հասարակության միջև, և քանի դեռ որևէ ընդդիմություն՝ խորքային առումով, հոգեբանական, տրամադրությունների, մտածողության և արժեքների առումով, չի հաղթահարել այս խզվածքը, մեղմ ասած, անիմաստ է ակնկալել իշխանությունների դեմ պայքարում, իշխող համակարգի դեմ պայքարում հաջողություն:
Լոկ սարսափազդու հռետորաբանությամբ Հայաստանում այլևս անհնար է հարցեր լուծել, անհնար է հասարակությանը պայքարի գործընթացում ներգրավել՝ սոսկ հնարավորինս գորշ իրականություն և հեռանկարներ նկարագրելով: Հասարակությունն այս այն վիճակում է, որ ավելի գորշ հեռանկարներ կարող է ինքը նկարագրել ընդդիմությունների համար: Հասարակությունն այսօր ցանկանում է մեխանիզմների նկարագրություն, որոնցով նա կտեսնի ճանապարհ դեպի իշխանական այս համակարգի չեզոքացումը, և սրա հետ կապակցված՝ նոր համակարգի ձևավորումը:
Այդ դեպքում, իշխանությունը կսկսի փոխվել նախ մարդկանց մտքերում, հետո՝ տեղերում, հետո արդեն՝ համապետական մակարդակում: Ըստ որում՝ այդ դեպքում ընդդիմություններին կհաջողվի իշխանությունը փոխել եթե ոչ անուններով, ապա գործերով, և դա ևս կլինի ընդդիմության հաղթանակը Հայաստանում:









































