Վաստակավոր դերասան Երվանդ Մանարյանը գոհ չէ մեր այսօրվա թատրոնի վիճակից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ չնայած բարձրարվեստ գործեր կան, բայց գերակշիռ մասը մինչխորհրդային ժամանակաշրջանի ստեղծագործություններ են:
«Անկախացումից հետո թվում էր, թե թատրոնը պետք է ընդունի իր բացթողումներն ու սխալները, ուղղի մեջքը, սակայն դա տեղի չունեցավ: Թատրոնի դռան առջև այլևս գիշերային հերթեր չկան: Մենք նախկինում ապրում էինք ներկայացմամբ, պատրաստ էինք գիշերները հերթ կանգնել»,- նկատեց նա:
Դերասանի հավաստմամբ՝ գեղագիտական առումով այսօրվա թատրոնը շատ լավն է, սակայն իրական կյանքից ոչինչ չի բեմադրվում. «Մենք ժամանակային հարցեր չենք լուծում, զբաղված ենք միայն զվարճացնելով: Մենք չենք զգում պատասխանատվություն մեր թոռների նկատմամբ՝ ի՞նչ ենք նրանց փոխանցելու»:
Բանախոսը ցավով նշեց, որ այսօր մեր դերասանները չնչին աշխատավարձի պատճառով գնում են արտերկիր՝ մոռանալով, որ այդ նույն զարգացած երկրներն անցել են հենց այս նույն ճանապարհով և դժվարությունների հանդիպելիս չեն արտագաղթել. «Գնում, ուրիշի պատրաստի հացն ենք ուտում՝ մոռանալով, որ այդ մարդիկ տանջվել են դրա համար: Բայց այսպես չի շարունակվի՝ ես համոզված եմ»: