Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատվաբեր ելույթ ունեցավ Թբիլիսիի Եվրոպայի 2013թ. առաջնությունում: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը՝ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ առաջնության հետ կապված իր սպասելիքներն արդարացան:
«Ընդհանուր առմամբ արդարացան սպասելիքներս: Շատ գոհ եմ Արթուրից, ով կրկին ապացուցեց, որ շատ ուժեղ է այս քաշային կարգում: Գոհ եմ Վաչիկ Եղիազարյանից, քանի որ այդ քաշային կարգում մեդալը մեծ նշանակություն ունի մեզ համար: Գոհացրեց նաև Արթուր Շահինյանի ելույթը, ով կարող էր նաև եզրափակիչ դուրս գալ, սակայն մեկ սխալը ճակատագրական եղավ:
Օլիմպիական նոր ցիկլ է սկսվել և մեզ անհրաժեշտ էր նոր դեմքերի տեսնել գործի մեջ: Ընդհանուր առմամբ սա ստացված առաջնություն էր մեզ համար: Պետք է շարժել առաջ, քանի որ առջևում մի շարք կարևոր մրցաշարեր կան: Կնախապատրաստվենք աշխարհի ուսանողական առաջնությանը, որից հետո արդեն ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնենք աշխարհի առաջնության վրա:
Ցանկանում եմ առանձնացնել ամբողջ ֆեդերացիայի աշխատանքը: Մեր ֆեդերացիան տարբերվում է շատ այլ ֆեդերացիաներից: Այստեղ հաշվի են առնվում բոլոր տեսակետները, և կա միասնական նպատակ:
Իսկ ինչ վերաբերում է ՄՕԿ-ի՝ ըմբշամարտն Օլիմպիական խաղերից հանելու մասին լուրերին, ապա այս հարցը գրեթե փակված է: Նրանք էլ հասկանում են, որ դա հնարավոր չէ: 99%-ով համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենա: Մնում է միայն այդ մասին հայտարարվի պաշտոնապես»:





































