Տարեկան ավելի քան 1 մլն եվրո եկամուտ ունեցողների նկատմամբ 75 տոկոսանոց ռեպրեսիվ հարկի սահմանման Ֆրանսուա Օլանդի ծրագրի պատճառով Ֆրանսիան 1 մլն աշխատատեղ է կորցրել, քանի որ ներկայում 60 հազար ֆրանսիացի հարուստներ բնակություն են հաստատել արտերկրում: Միջին հաշվարկով նրանցից յուրաքանչյուրը աշխատանքով էր ապահովում 16 մարդու: Այս մասին հայտնում է Le Figaro -ն՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:
Հարկային ռեժիմի փախստականների թվում են հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն, էլեկտրոնային երաժշտության աստղ Ժան-Միշել Ժարը, Ֆրանսիայի ամենահարուստ մարդը համարվող Բեռնար Առնոն և Մուլիների ընտանիքը, որին է պատկանում Auchan սուպերմարկետների ցանցը: Նրանք հայրենիքը լքել են վերջին 6 ամիսների ընթացքում:
Համաձայն հետազոտության՝ ներկայում արտերկրում բնակվող Ֆրանսիայի երկու մլն քաղաքացիների 3 տոկոսը սեփական ընկերություններ ունեն, և եթե նրանք չլքեին Ֆրանսիան, երկրում 1 մլն աշխատատեղ կլիներ:









































