Շվեդ հայտնի մանկագիր Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային գրական մրցանակակրի անունը հայտնի կդառնա այսօր, Վիմերբյու քաղաքում՝ գրողի հայրենիքում: Մրցանակը շնորհվում է մանկական ու պատանեկան գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ հայտնում են մրցանակի հիմնադրամի մամլո ծառայությունից:
Մրցանակին այս տարի հավակնում է 207 թեկնածու՝ 67 երկրից, որոնց թվում են մանկագիրներ, նկարազարդողներ և երեխաների հետ աշխատող կազմակերպություններ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային գրական մրցանակը Շվեդիայի կառավարությունը սահմանեց 2002թ.՝ գրողի մահից հետո՝ խթանելու համար մանկական ու պատանեկան գրականության զարգացմանը:
Այն նաև մեծ հարգանքի նշան էր Լինդգրեն գրողի նկատմամբ (1907-2002), ով այսօր էլ համարվում է Շվեդիայի ամենասիրելի ու կարդացվող հեղինակներից մեկը:
Նրա ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի ավելի քան 90 լեզուներով: Գրողի ամենահայտնի ստեղծագործություններից են «Մանուկն ու Կարլսոնը, որն ապրում էր տանիքում», «Էմիլյան Լյոնեբերգից», «Երկարագուլպա Պեպին» և այլն:
Մրցանակային ֆոնդը ամենախոշորներից է, որ շնորհվում է այդ բնագավառում: Գումարային ֆոնդը կազմում է 500 հազար եվրո: Պարգևատրման արարողությունը սովորաբար տեղի է ունենում Ստոկհոլմում՝ մայիսի վերջին:








































