Այսօր Բելառուսի նախագահը կրկին անդրադարձել է Մինսկում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 13 մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի մետրոյի պայթյունը Բելառուսում ժողովրդավարության ավելցուկի հետևանքն է: Այս մասին նա ասել է` ելութ ունենալով խորհրդարանում:
«Առաջին հերթին մենք ենք մեղավոր` իշխանությունն է մեղավոր: Նախագահական ընտրություններից առաջ մենք այն աստիճան ժողովրդավարացանք, որ ոչ միայն ձեր, այլ նաև իմ սիրտն էր խառնում: Այնքան ժողովրդավարություն կար, որ ուղղակի սիրտ էր խառնում»,- հայտարարել է նա` նշելով, որ ընդդիմությունը, որը հնարավորություն էր ստացել նախընտրական քարոզչություն իրականացնել, մարդկանց տարբեր իրավախախտումների էր դրդում:
«Ես դեռ այն ժամանակ էի ասում` տանք լրիվ ազատություն և ժողովրդավարություն, սակայն դա իր հետևանքները կունենա»,- ասել է նախագահը:
Փաստորեն, իրականանում են ամենավատատեսական կանխատեսումները: Ընդդիմադիր շատ ուժեր հայտարարում էին, որ այս պայթյունից հետո իշխանությունը բռնատիրական ռեժիմի մահակն իջեցնելու է ընդդիմության գլխին` ամբողջովին խեղդելով այն: Մի մասն էլ նույնիսկ կարծիք էր հայտնում, որ այս պայթյուններն իշխանության ձեռքի գործն է, որպեսզի հետագա ճնշումներն ընդդիմության վրա «արդարացված լինեն»:









































