«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին բարձրաձայն հայհոյող անձը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նա ցուցմունք է տվել՝ դրանում «Ժառանգության» առաջնորդին «դավաճան» անվանելով:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էին ենթարկել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, ով նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյել էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և հավաքված քաղաքացիներին հրելով՝ վազել էր նրա ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը: «Մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները»,- նշված էր հայտարարության մեջ:











































