«Մինչև հինգ տարեկան երեխաները մահանում են հիմնականում կենցաղային անփութության հետևանքով կամ տրավմաներից, ինչը գալիս է երեխաներին անտեսելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Save the children կազմակերպության հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի մշակման գծով պատասխանատու Իռեն Սարգսյանը: Ըստ կազմակերպության տրամադրած տվյալների՝ այդ ճանապարհով մահանում է երեխաների 10-13 տոկոսը:
Ի. Սարգսյանը նշեց, որ երեխաների մահացության դեպքերը պայմանավորված են նաև ներարգանդային խնդիրներով, թոքաբորբերով, սուր վարակիչ հիվանդություններով և այլն:
Քիչ չեն երեխաների մահացության դեպքերը նրանց դեմ բռնությունների պատճառով։ Դրանք հիմնականում երեք տեսակի են՝ ֆիզիկական, հոգեբանական և սեռական: Save the children կազմակերպության ծրագրերի մշակման բաժնի պատասխանատու Աննա Հարությունյանը փոխանցեց, որ տարածված է նաև երեխաների աշխատանքի շահագործումը. «Մենք այս հարցերով շատ ենք աշխատել ծնողների հետ, դրական տեղաշարժերի համար հրատարակել ենք ծնողավարության ձեռնարկներ, երեխաների դաստիարակության մեթոդներ, որովհետև ծնողները հաճախ չգիտեն, թե ինչպես դաստիարակեն իրենց երեխաներին»:
Նա հավելեց նաև, որ իրենք տարբեր թեմաներով իրազեկման աշխատանքներ են տանում, օրինակ՝ որ երեխան պետք է ապրի ընտանիքում, ինչպես նաև աջակցում են խնամակալության ինստիտուտի զարգացմանը։ «Մենք այդ կերպ փորձում ենք քչացնել երեխաների մահացության ռիսկերը»,- ասաց մեր զրուցակիցը:









































