Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մայրը՝ Քեթրինը, դատարանի միջոցով 40 մլրդ դոլար է պահանջում որդու վերջին համերգների կազմակերպիչ հանդիսացող AEG Live ընկերությունից:
AEG Live-ը Ջեքսոնի ելույթների շարք էր ծրագրել Լոնդոնում: Ելույթները պետք է սկսվեին 2009-ի հուլիսի 13-ին՝ համաշխարհային շրջագայության շրջանակում, և ավարտվեին 2010-ի մարտին:
Քեթրին Ջեքսոնն ընկերությանը մեղադրում է սրտաբան Կոնրադ Մյուրեին վարձելու հարցում անփութություն դրսևորելու մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ կազմակերպիչները պարտավոր էին իմանալ բժշկի ֆինանսական վիճակի մասին՝ բացառելու Ջեքսոնի թերապիայում նրա որևէ շահագրգռվածություն:
Որպես չկայացած համերգների փոխհատուցում՝ մայրը պահանջում է 10 մլրդ դոլար, և ևս 30 միլիարդ այն գումարի փոխարեն, որը կարող էր աշխատել երգիչը, եթե ողջ լիներ:
Los Angeles Times-ը հիշեցնում է, որ Քեթրին Ջեքսոնի հայցը ներկայացվել է 2010 թվականին և պարունակել մի քանի հավակնություններ, սակայն դատարանը մտադիր է քննարկել միայն այն ասպեկտները, որոնք վերաբերում են անձնական բժշկին վարձելուն:
AEG ընկերությունում հայտարարել են, որ փոխհատուցման չափը աբսուրդի աստիճան չափազանցված է: Գործով առաջին դատական լսումը նշանակված է ապրիլի 2-ին:











































