Նախօրեին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ցուցմունք է տվել 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով ամբաստանյալ, մատուցող Դավիթ Ադամյանը: Դատաքննական ցուցմունքում նա նշել էր, որ ինքը զգուշացրել է Վահե Ավետյանին, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիր մարզահագուստով մտնել չի թույլատրվում, ինչին ի պատասխան Վահե Ավետյանն ասել է՝ «շորերս հանեմ, տռուսիկով նստեմ», հետո հայհոյել ու հաշիվն է պահանջել: Վահեն ասել է, թե որ ժամին էլ լինի, գալու են՝ քեֆը շարունակեն: Ապա, ըստ ամբաստանյալի, հագուստը փոխելուց հետո վերադառնալով՝ Դիանայի հետ գրկախառնված Վահե Ավետյանը հարցրել է՝ իսկ գլխարկով կարելի՞ է, հետո ասել է, թե «կայֆավատ են լինում» մատուցողի վրա, ինչպես նաև հայհոյել է ամբաստանյալի ընտանիքին, իսկ ինքը Վահե Ավետյանի հետ կատարված դեպքի մասին զեկուցել է ռեստորանի տնօրենին ու մենեջերին, ապա աշխատանքի ավարտին գնացել է տուն:
Մեղադրող, գործով դատավարական հսկողություն իրականացնող Արթուր Դավթյանն ասել է, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում թեև անդրադարձել է համալիրի ավտոկայանատեղի տարածքում տեղի ունեցածին, սակայն դատաքննական ցուցմունքում ոչ մի բառ չի ասել այդ մասին, ավելին՝ ասել է, որ ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը և Արթուր Բաբլոյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Վահե Ավետյանին և նրա ընկերներին:
«Հարսնաքար» ռեստորանում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալ Դավիթ Ադամյանի տված ցուցմունքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև որևէ նոր բան չի նշվել ցուցմունքում:
«Մատուցողի կողմից պարբերաբար առաջ քաշվող վարկածները պարբերաբար փորձում էին լսելի դարձնել տուժողների հարցաքննության ժամանակ, այնուամենայնիվ, դրանք որևէ կերպ չէին հաստատվում և չէին հիմնավորվում, որովհետև տուժողները շատ հանգիստ պատասխանում էին, որ նման բան գոյություն չունի: Կարծում եմ՝ դա ավելի շատ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու մի հնարք էր»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ ո՛չ դատարանը, ո՛չ էլ հանրությունը կուլ չի տա այդ խայծը:
Ըստ Եգորյանի՝ շատ ավելի հետաքրքրական հանգամանք է այն, որ նա փորձում էր հրաժարվել նախկինում իր տված ցուցմունքներից՝ պատճառաբանելով, որ իր մեջքի հետևում այն ժամանակ դիմակավոր անձինք, ոստիկաններ են կանգնած եղել, և ինքը վախեցել է, և հենց այդ պատճառով է նշել, որ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը և Արթուր Բաբլոյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Վահե Ավետյանին և նրա ընկերներին:
«Կա էական տարբերություն իր նախնական ցուցմունքի և ներկա ցուցմունքի միջև. նա փորձ կատարեց հրաժարվել իր նախկին ցուցմունքներից »,- ասաց Տիգրան Եգորյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է արհեստականորեն երկարաձգում են դատական գործընթացը՝ գործը փակուղի տանելու համար, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ գնալով ավելի տեսանելի է դառնում իրենց կողմից հնչեցրած դեռ նախաքննության փուլի այն ահազանգերը, որ գործը տարվելու է հնարավորինս սեղմ շրջանակներում, որ կատարվելու է ամեն ինչ, որ հանրային հետաքրքրությունն անկում ապրի, և դրա ամենաիրատեսական տարբերակը գործը ձգձգելն է:
Նրա խոսքերով՝ հավասարապես դա իրականացվում է թե՛ պաշտպանական կողմի ջանքերով, այդպիսի ամենավերջին, ամենաթարմ օրինակներից մեկը կարող է հանդիսանալ մատուցուղի հայտարարությունը, որ շատ է ցանկանում ցուցմունք տալ, սակայն նրան ժամանակ է անհրաժեշտ։.
«Մենք փորձեցինք չառարկել և նրան ժամանակ տալ, այսինքն՝ մենք մեկ նիստ բաց թողեցինք, որպեսզի մատուցուղը պատրաստվի: Պատրաստվելու արդյունքը եղավ այն, որ նա երկու րոպենաոց մի անշաղկապ խոսք արտահայտեց և դրանից հետո հրաժարվեց պատասխանել որևէ մեկի հարցին: Բնական է, որ սա հենց այդ միտումների ամենաակներև դրսևորումն էր»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այդ նույն հնարքը փորձեց կատարել նաև Գարիկ Ենգիբարյանը՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում ցուցմունք տալ, սակայն իրեն անհրաժեշտ է պատրաստվել, և նիստը կրկին հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը:
Ամեն դեպքում, ըստ Տիգրան Եգորյանի, որևէ կերպ չի երևում նրանց կողմից իրականությունը հայտնելու ցանկություն: Ընդհակառակը, ամեն կերպ գործընթացը ձգձգելու և հնարավորինս ցուցմունք չտալու և իրականությունը չներկայացնելու միտում է նկատվում, իսկ դատարանն էլ իր հերթին այդ սխեմայում ի դերն է կատարում, քանի որ որևէ միջնորդության այս ընթացքում չի անդրադարձել և չի անդրադառնա հետևողականորեն նաև այն միջորդությունների քննարկմանը, որոնք հետաձգել են։
«Նույնիսկ ապացույցների ուսումնասիրության հերթականությունը փոխելուց հետո կրկին չանդրադարձավ հետաձգված միջնորդությունների քննարկմանը: Համենայնդեպս, մեզ մոտ համոզմունք է ձևավորվում, որ մեկ նպատակ է հետապնդում՝ վերջին փուլում մեկ թեթև հարվածով միանգամից բոլոր միջնորդությունները մերժել և անցնել վճիռ կայացնելուն, իսկ սա, բնականաբար, ցույց է տալիս ավելի ընդարձակ սահմաններում գործը չքննելու ցանկություն, օբյեկտիվ բազմակողմանի քննության բացակայություն, ուրիշ ոչինչ»,- նշեց Տիգրան Եգորյանը:
Հարցին, թե հասարակությունն արդյոք չի՞ պասիվացել այս ընթացքում, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ հնարավոր չէ չնկատել պասիվություն, սակայն հասարակության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հետաքրքրվում են գործով, սակայն գործնական առումով կարծես առաջընթաց չի նկատվում, չկա ակտիվություն, չկան ակցիաներ: Այս հանգամանքն, ըստ նրա, ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառները շատ ավելի շատ են, հանրապետությունում բազմաթիվ են աղմկահարույց խնդիրները, որոնք արժանի են ուշադրության։
«Ամեն դեպքում արդարադատությունն իրականացնելու համար պարտադիր չէ հասարակական պահանջի առկայություն, դատական իշխանության հիմնական գործառույթը կայանում է նրանում, որ նրանք իրենց դերը օրենքի ուժով են կատարում»,- հավելեց Տիգրան Եգորյանը:









































