Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի առավել տուժած շրջաններում ուժեղ ձյան հետևանքների դեմ արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու մասին հրաման է ստորագրել: Ինչպես շաբաթ օրը տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը, այս միջոցառումներին կմասնակցի նաև բանակը:
Հրամանի համաձայն՝ բոլոր մակարդակների գործադիր իշխանությունը պետք է օգնություն ցուցաբերի տուժածներին, առաջին հերթին այն մարդկանց, ովքեր գտնվում են ճանապարհային խցանումների մեջ: Ուկրաինայի ԱԻԾ-ին օգնության կհասնեն նաև զինված ուժերը:
Նախագահը կարգադրել է անհրաժեշտ պետական ռեսուրսներն ուղղել արհավիրքի հետևանքները վերացնելուն:
Անցած օրը Ուկրաինայի որոշ շրջաններում ամսական նորմայի չափ ձյուն է տեղացել: Դրա պատճառով կաթվածահար են եղել երկրի հիմնական ճանապարհներն ու մայրուղիները, որոնց վրա հսկայական խցանումներ են առաջացել:










































