Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հերքում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ «Բիլայն» ընկերության 49%-ը պատկանում է Սաակաշվիլիին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին նախագահը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահի խոսքերով` ինքը որևէ առնչություն չունի «Բիլայն» ընկերության հետ:
«Իմ բիզնես-տաղանդը շատ վատն է: Ընդհանրապես գիտեք, նա, ով լավ գործարար է, պետության վատ ղեկավար է»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ եթե ցանկանար բիզնեսով զբաղվել, կգտնվեր Նյու Յորքում ու կլիներ իրավաբանական ընկերության գործընկեր:









































