ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցական արձակուրդների երկարացումը նախազգուշական միջոցառում է՝ համաճարակից խուսափելու համար. «Դա չի դիտարկվում որպես համաճարակից բխող միջոցառում, այլ՝ կանխարգելիչ, որպեսզի համաճարակ չունենանք»:
Նա նշեց նաև, որ գրիպի տարածվածությունը ՀՀ մարզերում հավասարաչափ է, հիվանդների թիվը միայն Երևանում է ավելի շատ: Դա պայմանավորված է նրանով, որ այստեղ ավելի շատ մարդ է կենտրոնացված:
Մասնագետի դիտարկմամբ՝ եղանակի տաքացման հետ կապված՝ հիվանդների թվի նվազում կա, սակայն չի կարելի ասել, որ վիճակը կայուն է. «Դրա համար նախարարությունը ամեն տարի այս սեզոնին սկսում է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել, այս տարի փակվել են նաև դպրոցները: Դա չի դիտարկվում որպես համաճարակից բխող միջոցառում, այլ արվում է, որպեսզի համաճարակ չլինի»:








































