Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք խորը ճգնաժամի մեջ են հայտնվել 2010 թ. «Ազատության նավատորմիղի» հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին տեղեկացրել են Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի գրասենյակից:
Մամլո հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ, որի ժամանակ ասել է, որ զղջում է ազգությամբ թուրք ինը պաղեստինամետ ակտիվիստների մահվան համար, ովքեր գտնվել են այն նավերի վրա, որոնք փորձել են դուրս գալ Գազայի հատվածի շրջափակումից։ Նա զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու պատրաստակամությունն է հայտնել:
«Նրանք պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ, ներառյալ՝ դեսպանների վերադարձը և Իսրայելի բանակի դեմ ներկայացրած դատական հայցերի դադարեցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսակցությունը տեղի է ունեցել Իսրայել Բարաք Օբամայի այցի ընթացքում։ ԱՄՆ նախագահն առաջինն է այդ մասին հայտարարել՝ հույս հայտնելով, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները կկարգավորվեն:
Վերջին անգամ երկու երկրների վարչապետները զրուցել էին 2011-ի հոկտեմբերին, երբ Նեթանյահուն ցավակցել էր Էրդողանին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և արհավիրքի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն էր առաջարկել:









































