Հեղինակավոր ամսագրերում հրապարակված 100 գիտական աշխատանքների՝ հոգեբանության պատմության մեջ առաջին մասշտաբային ստուգումը ցույց է տվել, որ դրանց արդյունքների միայն 39%-ը կարելի է կիրառել կրկնակի փորձերում: Այս մասին հայտնում են գիտնականները Science ամսագրում հրապարակված հոդվածում:
«Երկար տարիներ մեր մեջ կասկածներ կային՝ արդյոք կարելի՞ է հոգեբանական հետազոտությունների արդյունքները կիրառել, բայց այդ կասկածների ուղիղ և համակարգային ապացույցներ գրեթե չկային: Մեր նախագիծը դա անելու առաջին փորձն է, և այն ցույց տվեց, որ տվյալ խնդիրը գոյություն ունի, և որ պետք է դրա հետ պայքարել»,- նշում է նախագծի ղեկավար Բրայան Նոսեկը՝ Վիրջինիայի համալսարանից:
2011 թվականից մինչև այս տարի Նոսեկը և մոտ 300 հոգեբաններ աշխարհի բոլոր անկյուններից Reproducibility Project նախագծի շրջանակներում կրկնակի փորձեր են կատարել: Չնայած գիտնականներին հաջողվել է ստույգ վերականգնել գրեթե բոլոր 100 հրապարակումների մեթոդիկան՝ միայն 39% դեպքում են նրանք կարողացել կրկնել դրանց արդյունքները:
Այդ արդյունքները չեն նշանակում, որ 61% ախատանքների հեղինակենրը, որոնց արդյունքները չեն հաստատվել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել կամ պարզապես դիտավորյալ սխալ են արել գեղեցիկ արդյունք ստանալու համար:
Գիտնականները ենթադրում են, որ լիովին հնարավոր է, որ նրանք ամբողջովին չեն նկարագրել օգտագործված մեթոդիկան կամ փորձի մասնակիցների վրա ազդող ինչ-որ կողմնակի գործոններ հաշվի չեն առել:
Այնուամենայնիվ, այդպիսի արդյունքը վկայում է, որ հոգեբանական ուսումնասիրությունների կատարման մեթոդներն ու դրանց արդյունքների հրապարակման կանոնները ճշգրտման, խստացման և լուրջ վերանայման կարիք ունեն: Որպես առաջին քայլ՝ Reproducibility Project-ի մասնակիցներն առաջարկում են փորձերի բոլոր տվյալները և մեթոդիկաները հրապարակել լիովին բաց:
Գիտնականների խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հետազոտությունների արդյունքներին. կրկնակի ստուգում անցած գրեթե բոլոր աշխատանքներում հոգեբանների բացահայտած ազդեցոթւյունների ուժը կրկնակի չափազանցված է եղել: Ըստ գիտնականների՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ փորձը կատարողները հանել են բացասական արդյունքների մի մասը, կամ գիտական ամսագրերի խմբագրական քաղաքականությամբ, որոնք նախընտրում են վառ և «միանշանակ» բացահայտումներ:










































