Նոր ուսումնական տարվան ընդառաջ գեղեցիկ անակնկալ մատուցվեց Շիրակի մարզի Ազատանի գյուղական համայնքի դպրոցին: Ամերիկաբնակ, արմատներով նույն գյուղի բնակիչ, Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Հրանտ Թովմասյանի նախաձեռնությամբ գյուղի բոլոր 78 առաջինդասարանցիներն ստացան պայուսակներ ու գրենական պիտույքներ:
Ինչպես նշեց Հ.Թովմասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սա ամենափոքր բանն է, որ կարողանում է անել իր հարազատ գյուղի համար.: «Միշտ էլ պատրաստ եմ ամեն հնարավորով օգնելու մեր գյուղացիներին, լինելու նրանց կողքին: Կարևորը՝ որ մեր ընտանիքներում շատ երեխաներ լինեն, իսկ առօրեական դժվարությունները բոլորիս օժանդակությամբ կհաղթահարվեն»,- նշեց նա:
Նվերի մատուցումից հետո բարերարն ու նրա մայրը եղան նաև գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ ստանալով տեղի հոգևոր հովիվ Արժ. տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանի օրհնությունը:
Եկեղեցում բարերարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից մեկ գիշերային լուսավորության համար նախատեսված արևային մարտկոցներով աշխատող լամպ նվիրեց Ազատանի համայնքին, որն առաջիկա օրերին կտեղադրվի գյուղի կենտրոնում:













































