News Georgia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Ռուսաստանին՝ Ցխինվալիի շրջանի վարչական սահմանին սահմանային նշաններ տեղակայելու համար։ Այդ մասին այսօր Թբիլիսիում Սթոլթենբերգի ու Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ապակառուցողական ու սադրիչ քայլերը, որոնք տարածաշրջանում իրականացնում է Ռուսաստանը, և որոնք չեն նպաստում անվտանգության բարելավմանը»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ Սթոլթենբերգն ու Բերուչաշվիլին քննարկել են նաև Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան (Membership Action Plan – MAP) ստանալու հարցը։ Վրաստանի իշխանությունները հուսով են, որ իրենք MAP կստանան ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու 2016 թ. հուլիսին Վարշավայում։
Սթոլթենբերգը, սակայն, կարևորել է, որ MAP-ը որևէ կերպ չընկալվի որպես առաջընթացի ու առաջխաղացման միակ ցուցիչ. «Վրաստանում ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցությունն ու համատեղ զորավարժությունները շատ ավելի կարևոր են MAP-ից»։
Սթոլթենբերգն այսօր Վրաստանում կատարելու է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը։









































