Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնը, հիրավի, Վրաստանի պետականության ամրապնդման ուղղությամբ ամենակարևոր քայլերից ու փուլերից մեկն է, որը կնպաստի երկրի պաշտպանունակության ու բանակի պրոֆեսիոնալ ձևավորման բարձրացմանը։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան։ Այդ կենտրոնի բացումը պլանավորված է այսօր, և Ալասանիան այդ կապակցությամբ շնորհավորել է վրաց ժողովրդին. «Այդ հաջողությունը, ինչպես հիշում եք, ձեռք է բերվել Ուելսի գագաթնաժողովում։
Այնտեղ էր Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Մարգվելաշվիլու գլխավորությամբ, և ձևավորվել է այն էական փաթեթը, որն էլ այսօր հնարավոր է դարձրել այդ կենտրոնի բացումը»։
ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի բացումը տեղի է ունենալու այսօր Կրցանիսի ռազմաբազայում։ Ընդ որում՝ դրան ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։











































