Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն առաջարկներ է ուղարկել ընդդիմադիր կուսակցությունների ժամանակավոր կառավարության թեկնածու անդամներին՝ կառավարության կազմի մեջ մտնելու համար։
Դավութօղլուն հրավերներն ուղարկել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ), որոնք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդգրկվել են խորհրդարանի կազմում։
Մասնավորապես, ժամանակավոր կառավարության մեջ մտնելու հրավեր է ուղարկվել ԺՀԿ 5 պատգամավորի՝ Էրդողան Թոփրաքին, Գյուլսուն Բիլգեհան Թոքերին, Իլհան Քեսիջիին, Դենիզ Բայքալին ու Թեքին Բինգյոլին։ ԱՇԿ-ից հրավերներ ստացել են 3 պատգամավորներ՝ Ահմեթ Քենան Թանրըքուլուն, Թուղրուլ Թուրքյուշին ու Մերալ Աքշեներին։ Ինչ վերաբերվում է ԺԴԿ-ին, ապա այստեղ կան անակնկալ անուններ՝ Լևենթ Թյուզելը, Մյուսլում Դողանը և Ալի Հայդարը։ Ժամանակավոր կառավարությունում ԱԶԿ-ն կունենա 11 ներկայացուցիչ։ Ավելի վաղ ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն հայտարարել են, որ չեն մտնելու ժամանակավոր կառավարության կազմ։
Նախարարի թեկնածուները պետք է այդ առաջարկներին գրավոր պատասխան տան վաղը՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Մերժման դեպքում կառավարությունում ընդդիմության ներկայացուցիչների փոխարեն տեղ կզբաղեցնեն անկուսակցական նախարարները։












































