Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Ալի Ալթանը խորհրդարանի օրակարգ է բերել օգոստոսի 15-ին Բաթման նահանգի Սասունի շրջանում գտնվող հայկական եկեղեցու և շրջակա տարածքում բռնկված հրդեհի թեման։
Խոսքը Մեշելի (Գոմք) գյուղում գտնվող Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու մասին է, որի տարածքում բռնկված հրդեհը վնասել է նաև հայկական գերեզմանատանը գտնվող ոսկորները։ Ալի Ալթանն այժմ այդ հարցը բերել է մեջլիսի օրակարգ և տվյալ հարցով դիմել է ներքին գործերի նախարար Սեբահաթթին Օզթյուրքին։
Պատգամավորն ընդգծել է, որ հայկական եկեղեցու և նրա մոտ գտնվող գերեզմանատան վրա իրականացվել է հարձակում, և հետաքրքրվել է, թե ինչ և երբ է կատարվելու դրանք իրենց նախկին տեսքին վերադարձնելու համար։
Պատգամավորին հետաքրքրել է նաև հարձակում գործած անձանց պատասխանատվություն ենթարկելու և տեղի ունեցածը որպես ռասիստական հարձակում որակելու հարցերը։
Պատգամավորն ընդգծել է, որ 2015 թվականին երկրում դեռ կան առանց ճանապարհների վայրեր, ինչի պատճառով հնարավոր չի եղել մարել հրդեհը, և հետաքրքրվել է, թե ով պետք է պատասխանատվություն կրի նման իրավիճակի համար։











































