Փարիզում մարմնավաճառները կարող են վերադառնալ կենտրոն: Սեքս-արդյունաբերության տեղի արհմիությունը հասել է նրան, որ մարմնավաճառության դեմ ընդունված նախկին օրենքը չեղյալ է հայտարարվել: Օրենքն ընդունվել էր Ժակ Շիրակի նախագահության շրջանում՝ հաղորդում է The Local-ը:
Սոցիալիստների հայտարարությունը, թե՝ պատրաստ են զիջումների գնալ հնագույն մասնագիտության տեր կանանց հետ, առաջացրել էր երկրի շատ բնակիչների վրդովմունքը. նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախընտրական քարոզարշավում բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է արմատախիլ անել մարմնավաճառությունը:
Համաձայն 2003թ.-ի օրենքի՝ ոստիկանը կարող է ձերբակալել սադրիչ հագուստով մարմնավաճառների, ովքեր կանգնում են մայթերին ու հաճախորդների գրավում: Արդյունքում նրանցից շատերը ստիպված են եղել էլիտար թաղամասերից տեղափոխվել ավելի քիչ հսկվող ծայրամասեր:
Փարիզում վերջին տարիներին ավելացել է մարմնավաճառների վրա հարձակումների դեպքերը: Ընդ որում, «գիշերային թիթեռնիկները» բազմիցս են դժգոհել այն հանգամանքից, որ հիմա ստիպված են աշխատանքի դուրս գալ ավելի քիչ աչքի զարնող հագուստով: Հաճախորդներին նման հագուստը, իհարկե, չի գրավում:
Կանանց իրավունքների նախարար Նադժատ Վալլո-Բելկասեմը հայտարարել է, որ նոր օրենքը որոշ չափով կթեթևացնի մարմնավաճառների կյանքը: Իհարկե, նախարարը ընդգծել է, որ հին օրենքի թեթևացումը չի նշանակում, որ սոցիալիստների քաղաքականությունը՝ կապված մարմնավաճառների հետ, փոփոխություններ է կրել: Նրա խոսքերով՝ իշխանությունները հարցին պետք է այլ կողմից մոտենան: Հիմա պատժվելու են այն ֆրանսիացիները, ովքեր փորձելու են օգտվել մարմնավաճառների ծառայություններից: Իրավախախտները կվճարեն 1000 եվրո տուգանք կամ կենթարկվեն կես տարվա ազատազրկման:









































