Չիկագոյի գիշերային ակումբներից մեկում ամերիկացի ռեփ կատարողների նոր ալբոմի թողարկման պատվին երեկույթն ավարտվել է փոխհրաձգությամբ: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին հայտնում է Chicago Tribune թերթի կայքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Հեկտոր Ալֆարոյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան՝ G’s Entertainment Center գիշերային ակումբում: Ռեփերներ Lil’ Mouse-ի և King Samson-ի ալբոմի ներկայացումից հետո ակումբում գտնված հյուրերի միջև վիճաբանություն է ծագել, որից հետո երեք անծանոթներ սկսել են կրակել:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանության տվյալներով՝ փոխհրաձգությունը կարող էին իրականացնել Չիկագոյի ավազակախմբերից մեկի անդամները: Իրավապահները նշում են, որ տուժածներից առնվազն 4-ը հանցավոր խմբավորման անդամներ են:








































